ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

02-09-2019


«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը արցախահայության կյանքում դարձավ դարավոր երազանքների իրականացման սկիզբը:
 
28 տարի առաջ արցախահայությունն իր միասնական կամքն արտահայտեց պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու իր իրավունքը պաշտպանելու, անկախ պետականություն կերտելու հարցում, ինչը հնարավոր դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
  
Մենք կարողացանք անձնվեր ծառայության, նվիրվածության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապացուցել, որ ի վիճակի ենք սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել մեր հայրենի օջախը եւ մեր անկախ պետականությունը:
  
Մեր նվիրական երազանքն իրականություն դարձավ մեզ պարտադրված պատերազմում տարած արժանապատիվ հաղթանակի շնորհիվ, իսկ հաղթանակը՝ շնորհիվ իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների: Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց կյանքի գնով ուղի հարթեցին մեր հայրենիքի արժանավայել ապագայի համար:
 
Դա պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ եւ ամուր, միասնական ու համախմբված` հանուն մեր հայրենիքի զորացման, հանուն համազգային իղձերի իրականացման:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ ստեղծագործ աշխատանք»: