Նորություններ

Պաշտոնական

Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի

27-09-2022



Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների:

Ժամը 11:00-ին հնչել են եկեղեցու կոչնակները, ներկաները Լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը և միասնական աղոթել, ապա երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Խաչերթին մասնակցել են ՆԳ նախարարության ոստիկանության և փրկարար ծառայողները՝ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:
Հազարավոր արցախցիների ու հյուրերի հետ Նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին:

Այնուհետև, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ինչպես նաև համակարգի ծառայողների հետ զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել և խնկարկել պատերազմում զոհված փրկարարների ոստիկանների ու նահատակված հերոսների շիրիմներին: